Նազիկ Ավդալյանը կանացիության, իր թուլությունների ու ընտանիքը համալրելու մասին

Չնայած տարածված կարծրատիպին՝ Նազիկ Ավդալյանը սեփական օրինակով ապացուցեց, որ կին մարզիկներն արտաքնապես որքան կոփված են և ուժեղ, այնքան էլ կարող են կանացի ու նուրբ լինել: Նազիկն այժմ ընտանեկան լիարժեք ու ներդաշնակ կյանքով է ապրում: BlogNews.am-ն, օգտագործելով մարտիության առիթը, շնորհավորել է մարզուհուն ու զրուցել կանացիության գաղտնիքների, ընտանիքի ու որդու՝ Վաչեի մասին։

— Նազիկ, բարդ չէ՞ լինել այս մարզաձևում ու միևնույն ժամանակ մնալ այսչափ կանացի:

— Շատ դժվար էր սկզբում մարդկանց ապացուցել, որ ծանրամարտն ընդհանրապես չի կոպտացնում կնոջը։ Ճիշտ է,  հնարավոր է՝ որոշակիորեն ազդեցիկ է դարձնում կառուցվածքը, բայց սպորտը թողնելուց հետո մկանային համակարգը լրիվ վերադառնում է իր նախնական տեսքին։ Մարզված կինը կարող է մկանուտ և աթլետիկ դառնալ, սակայն դա ի՞նչ կապ ունի բնավորության, շարժուձևի ու պահվածքի հետ։ Հաճախ ճիշտ հակառակն է լինում. սպորտը կնոջն ավելի ինքնավստահ է դարձնում, զարգացնում կամքը, դարձնում ավելի գրավիչ։ Մարզումների ժամանակ ես պաքարում եմ, ինչպես ասում են, երկաթի դեմ, իսկ մարզումներից հետո ոչինչ չի խանգարում վերադառնալ իմ սովորական կյանքին, լինել կանացի, քնքուշ, սիրող կին և մայր… Տարիների ընթացքում հասկացել եմ, որ կանացի լինելու համար պետք չէ ցույց տալ, որ դու այդպիսին ես, պետք է ուղղակի լինել այնպիսին, ինչպիսին որ կաս ու վերջ։
28576043_1214042705394786_228143359425413955_n

— Կանացի թուլություններդ շա՞տ են։

— Չգիտեմ՝ ինչքանով ճիշտ կլինի խոսել իմ թուլությունների մասին, բայց, այո՛, ինչպես բոլորը, ես ևս ունեմ թուլություններ, թեև հաճախ փորձում եմ ինձ ուժեղ ցույց տալ։ Ես շուտ հուզվող մարդ եմ։ Չէի ուզենա իմ թուլությունների մասին խոսել․ դրանք իմն են ու թող մնան ստվերում։

— Ի՞նչը կարող է վիրավորել Նազիկ Ավդալյանին։

— Հետաքրքիր հարց էր: Երբ վիրավորում են իմ «ես»-ը  և ինքնասիրությունը ու երբ չարաշահում են վստահությունս։

— Ո՞րն է կնոջ գլխավոր զենքը՝ ըստ քեզ։

— Կինը կարող է իր բնավորությամբ շատ ուժեղ լինել, միևնույն ժամանակ՝ շատ նուրբ  ու քնքուշ։ Յուրաքանչյուր  ուժեղ կին էլ շատ փխրուն է իր էությամբ և հակառակը։ Կինն ընդհանրապես ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Կնոջ ամենամեծ զենքը պետք է լինեն նրա առաքինությունը, բարոյական հատկանիշներն ու մայրական բնազդը, այն ամենն, ինչը հայ կնոջը հայտնի է դարձրել աշխարհում։
19366621_1054050721393986_6616217200789768990_n

— Մեծ սպորտ, ընտանիք, երեխա ու անդադար պարապմունքներ… Ինչպե՞ս էիք հասցնում, քանի որ մասնագիտական զբաղվածությունն ընտանեկան հարցերում հաճախ կարող է թերացումների պատճառ դառնալ:

Հավատացեք, ամենադժվար բանն է, երբ կինն ունենում է ընտանիք ու միաժամանակ զբաղվում է կարիերայով։ Կնոջ համար շատ դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը՝ ի տարբերություն տղամարդու, ով ունի լավ կին ու լավ ընտանիք, և դա իրեն չի խանգարում կարիերայում առաջ գնալ։ Կինն առաջին հերթին ստեղծված է ընտանիքի համար, բայց ես երջանիկ եմ, քանի որ ամուսինս, հարազատներս կողքիս էին այդ ընթացքում, ու ինչ-որ տեղ նաև փոքրիկս էր հասկանում ինձ։ Բայց չեմ վախենա ասելուց, որ իմ ընտանեկան կյանքն այդ ընթացքում ինչ-որ չափով տուժեց։ Ես բավարար ժամանակ չէի կարողանում տրամադրել նրանց ուսումնամարզական հավաքների պատճառով։ Դրա հետ մեկտեղ փորձում էի ազատ ժամանակս լիովին տրամադրել նրանց, որպեսզի կարողանայի լրացնել այդ բացը։ Գրեթե երկու տարի է, ինչ թողել եմ սպորտն ու իմ ամբողջ ժամանակն ընտանիքիս եմ տրամադրել, չնայած էլ չեմ կարող լրացնել այն բացը, որը մնացել է։

Երբևէ ափսոսանքի զգացում ունեցե՞լ եք, որ այսքան շուտ հեռացաք մեծ սպորտից:

— Չէ, ափսոսանքի գցացողություն չեմ ունեցել։ Երկար պատմություն է, թե ինչու թողեցի սպորտը։ Նախ՝ արդեն դժվարանում էի զբաղվել սպորտով մեջքիս ցավի պատճառով։ Ինչքան էլ որ ես սպորտում լինեմ հաջողակ ու հավակնոտ, միևնույն է, ընտանիքից ու երեխայից կարևոր ինձ համար աշխարհում ոչինչ չի կարող լինել։

25995088_1167349293397461_3088917271549224310_n

— Հիմա ամբողջ ժամանակը տրամադրել եք ընտանիքին, այլ աշխատանքով զբաղվելու մասին չե՞ք մտածում:

— Առաջիկայում կվերադառնամ աշխատանքի, սակայն ոչ նախկին գրաֆիկով ու առօրյայով։ Հիմա, կարելի է ասել, տնային տնտեսուհի եմ։ Այս ընթացքում հասկացա, որ տնային տնտեսուհու կարգավիճակն ինձ համար չէ։ Սպորտից հեռու չեմ գնա, բայց կզբաղվեմ այնպիսի աշխատանքով, որը չի խանգարի ինձ ընտանիքում։ Մարդը պետք է աշխատի, որպեսզի իրեն լիարժեք զգա, որևէ մեկից կախում չունենա։ Ինքնագնահատականդ էլ է ավելի բարձր, երբ աշխատում ես։

— Ի՞նչն եք կարևորում երեխայի դաստիարակության գործում: Ըստ Ձեզ՝ ի՞ նչ է նշանակում լինել լավ ծնող:

— Երեխայի դաստիարակության հարցում ամեն ինչն էլ կարևոր է։ Եթե ինչ-որ տեղ բացթողում եղավ, երեխան մեծանում ու սխալներ է անում, ծնողները նախատում են նրան դրա համար, բայց պետք է ամեն ծնող իր մեջ փնտրի՝ այդ սխալը որտեղից է գալիս։ Առաջին հերթին պետք է երեխային հասկանալ, փորձել ընկեր լինել նրա հետ ու ամեն ինչ պետք է չափի մեջ անել, չափավոր երես տալ, ու կարևոր է, որ երեխան զգա, որ սիրված է ու պաշտպանված։ Ես ու ամուսինս մեր խորհուրդներով ուզում ենք այնպես անել, որ մեր որդին լավ մարդ ու լավ քաղաքացի մեծանա։ Հուսով եմ՝ մեզ կհաջողվի դա։

— Կպատմե՞ք ձեր որդու՝ Վաչեի մասին, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունի:

— Շատ աշխույժ երեխա է, ֆիզիկապես ճկուն։ Հիմա դեռ մանկապարտեզ է հաճախում, այս տարի արդեն դպրոց կգնա։ Շախմատի է գնում, հարվածային գործիքներ է նվագում։ Ուզում եմ նաև գիմնաստիկայի տանել։ Իմ կարծիքով՝ երեխան պետք է շատ զբաղված լինի օրվա մեջ, տարբեր հետաքրքրություներ ունենա, ինֆորմացված լինի ու քիչ ժամանակ ունենա պլանշետով կամ համակարգչով զբաղվելու համար։

1517436332_img_0121

— Վաչեն արդեն այն տարիքում է, որ ունի ընդգծված բնավորություն: Ո՞ւմ եք ավելի շատ նմանեցնում նրան՝ Ձեզ, թե՞ Ձեր ամուսնուն:

— Ամուսնուս է շատ նման, բայց այժմյան տարիքում։ Ամուսինս փոքր ժամանակ այդպիսի բնավորություն չի ունեցել, ինչպես հիմա Վաչեն։ Նրբազգաց է ու շատ նպատակասլաց։ Շատ դեպքերում, ասում են, ինքնասածի է, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ։ Եթե երեխան ինչ-որ բանի ուզում է հասնել, դա կապրիզ են համարում, այնինչ մեծերի մոտ դա կոչվում է նպատակասլացություն։ Չէ՞ որ դա էլ երեխայի նպատակն է։ Ես երեխային ընկալում եմ որպես մարդ, ով ունի իր ապրումները, վախերը, ձգտումներն ու ցանկությունները, պարզապես կյանքի քիչ փորձ ունի, ու մեծերը պետք է կյանքի այդ ճիշտ փորձը տան նրան, նրա կարծիքի հետ հաշվի նստեն։ Վաչես նպատակասլաց է, ու ես շատ ժամանակ չեմ կոտրում դա նրա մեջ։

— Վաչեի գոյությունն իմաստավորել է ձեր երկուսի կյանքը։ Ցանկություն չկա՞ վերապրելու մայրության բերկրանքը:

— Այս տարի՝ դժվար, բայց հաջորդ տարի կմտածենք։ Դեռ պլաններ չունեմ։

— Ձեր ամուսինը՝ Էրիկ Կարապետյանը, ևս ծանրամարտիկ է։ Հետաքրքիր է, երբ երեխան ցանկություն հայտնի շարունակելու ձեր ուղին, դուք կողջունե՞ք նրա քայլը։

— Ես ընդհանրապես չեմ ուղղորդում՝ որ ճանապարհով նա գնա, թողնում եմ, որ նա փորձի ամեն ինչ և ինքը հասկանա՝ ինչն է իրեն պետք ամենից շատ։ Ծանրամարտով ոչ մի անգամ չի ցանկացել զբաղվել։ Եթե հետագայում աղջիկ ունենամ, ու նա էլ ուզենա զբաղվել այս սպորտաձևով, և ես վստահ լինեմ, որ իրականում սիրում է և հաջողությունների կկարողանա հասնել, ես էլ, ամուսինս էլ ամեն կերպ կաջակցենք։ Ինձ համար կարևոր է, որ երեխաս գտնի իր ճիշտ տեղը։

21232053_1100952776703780_2399634682379470065_n

— Ո՞րն է ներդաշնակ ու համերաշխ ընտանիքի ձեր գաղտնիքը:

— Յուրաքանչյուր ընտանիքում այդ բանաձևը տարբեր է, դա գալիս է գույգերի բնավորությունից ու խառնվածքից։ Իմ կարծիքով՝ պետք է ամենառաջինը լինեն փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում։ Կարևոր է նաև, որ մեկը մյուսի հետաքրքրություններն ու անհատականությունը հարգեն։ Շատ կոմպոնենտներ կան, որոնցով պայմանավորվում է ներդաշնակ ու համերաշխ ընտանիքի իմ մոդելը, ուղղակի պետք է մարդիկ ստեղծված լինեն միմյանց համար։ Կարող են երկուսն էլ հրաշալի մարդիկ լինել, բայց խառնվածքները չհամապատասխանեն իրար։ Ու եթե անգամ նրանք համապատասխան են, կարևոր է, որ զույգերն անդադար աշխատեն ընտանիքում առողջ մթնոլորտ պահպանելու համար։

— Ի՞նչ կմաղթեք հայ կանանց և մարզուհիներին գարնանային մեկամսյակի կապակցությամբ:

Բոլոր կանանց մաղթում եմ, որ շատ սիրեն իրենց, մաղթում եմ կանացի երջանկություն և աշխատանքային հաջողություններ։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
https://blognews.am/arm/news/597307

Be the first to comment on "Նազիկ Ավդալյանը կանացիության, իր թուլությունների ու ընտանիքը համալրելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ