«ԹՈՂ ՇՈՒՐՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՀԱՐԵՀԱՍ ԼԻՆԻ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»

Մատենադարանում պահվում է առեղծվածային մի Ավետարան, որ փրկվել է հրաշքով: Այս պատմությունը սկիզբ է առնում 1498 թվականից, երբ Վասպուրականի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Թուրվանդա անունով մի իշխան Տեր Բարսեղ քահանային պատվիրում է ընդօրինակել Ավետարանը: 17-րդ դարում Շահ Աբաս 5-րդ արքան հայերին տեղահան է անում ու  տեղափոխում Պարսկաստան: Տեղահանվում է նաև Ավետարանը: Հայտնի է, որ Փերիայում՝ Իրանի ամենահայաբնակ գավառներից մեկում, ապրել է Տեր Գրիգորը, որը իր ձեռքով Ավետարանը տեղափոխել է նահանգի գյուղերից մեկը՝ Շուրիշկան. այստեղից էլ՝ Ավետարանի ներկայիս անվանումը: Շուրիշկանում վանեցիները որոշում են թաքցնել ավետարանը: Նրանք հարմար մի վայր են ընտրում Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, գիրքը թաղում են հողում, ապա վրան ուռենու շիվ են տնկում` իբրև նշան, որպեսզի տեղը չկորցնեն: Հետո պիտի գլորվեին յոթ երկար ու ձիգ տարիներ: Ուռենին հասակ պիտի առներ, փարթամ սաղարթներ կապեր` դառնալով Ավետարանի փրկության խորհրդանիշը: Իսկ այնտեղ, որտեղ թաղված է եղել գիրքը, նաև բուժիչ ջրերի աղբյուր էր գոյացել: Յոթ տարի շարունակ ձեռագիրը մնացել էր ուռենու արմատների տակ, աղբյուրից անդադար բխող ջրերի մեջ …

Եվ որքան մեծ է եղել նրանց զարմանքը, որոնց վիճակվել էր տարիներ անց կրկին լույս աշխարհ դուրս բերել ձեռագիր մատյանը՝ տեսնելով, որ գիրքը մնացել էր անվնաս: Ավետարանի 322 թերթից միայն առաջին երեք էջերն էին թեթևակի վնասվել, բայց առաջվանն էին անկրկնելի մանրանկարները, կիսախորան-անվանաթերթերը և լուսանցքազարդերը: Նույնն էր կաշեպատ կազմը` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, զարդարված թանկարժեք քարերով: Հետագայում այդ վայրն անվանեցին «Պապի աղբյուր», որտեղ էլ կառուցվեց մատուռ, որը դարձավ սրբատեղի հազարավոր ուխտավորների համար: Պատմում են, որ համաճարակների ժամանակ Ավետարանը հրաշքներ է գործել: Ավետարանի հռչակը, սակայն, միայն հայերի մեջ չէ, որ տարածվել է. ամենաուշագրավ փաստերից մեկն էլ այն է, որ դրա մասին իմացել էին նաև օտարները, ավելին՝ պարսիկ իշխաններն իրենք էին արգելել ձեռք տալ Շուրիշկանի Ավետարանին՝ դրա զորությունն ընդունելով բացարձակ` վեր ամեն կարգի կրոնական ու ազգային հավատալիքներից:

Երկար ժամանակ ժողովուրդը կարողացել է առձեռն շփում ունենալ Ավետարանի հետ, դիպչել դրան և դիմել խնդրանքով: Եվ միայն 1970-ականներին հրաշագործ գրքի դարավոր դեգերումները վերջ գտան, երբ Հայաստան ներգաղթած Շուրիշկանի բնակիչների ձեռքով հայրենիք բերված գիրքը հանգրվանեց Հին ձեռագրերի ինստիտուտում: Մատենադարանում մոտեցեք այն ցուցափեղկին, որտեղ դրված է խնդրակատար Ավետարանը, հպեք ձեր ձեռքը ապակուն ու մտքում ցանկություն պահեք: Ասում են՝ երազանքն անպայման իրականություն կդառնա:

 

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն տարվա Սուրբ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը Մատենադարանից դուրս է բերվում և մի ամբողջ օր Մուղնի գյուղի սուրբ Գևորգ եկեղեցում հավատացյալ ժողովրդին է ներկայանում Շուրիշկան գյուղի (Իրանի Փերիա գավառ) հրաշագործ, խնդրակատար, զորավոր սուրբ Ավետարանը:

Զարմանալի մի զուգատիպությամբ այս տարի հրաշագործ սուրբ Ավետարանի «հայտնությունը» ժողովրդին համընկավ մեր հայրենիքի սահմաներում թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետ: Սուրբ Ավետարանը Հայաստանի տարբեր ծայրերից հինավուրց Մուղնի էր բերել հազարավոր ուխտավորների, որոնք իրենց աղոթքներում զորավոր սրբից զորակցություն, հոգու ամրություն ու կորով էին խնդրում չարի դեմ արդար պատերազմի ելած հայ զինվորի, հայոց բանակի համար:

-Ամբողջ գիշեր Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցում հոգևորականներով և հավատացյալներով կատարվել է Խոկման գիշերակացի արարողություն: Աղոթել ենք մեր երկրի անսասանության և խաղաղության համար, մեր աղոթքները նվիրել ենք հայրենիքի սահմանները պաշտպանող  զինվորներին և ընկած զոհերի հիշատակին: Անվրդովություն, ուժ ու կարողություն ենք հայցել Բարձրյալից մեր զինվորների համար, որպեսզի մեր ժողովուրդը հաղթանակով դուրս գա այս պայքարից, և մեր երկրում խաղաղաություն տիրի: Աստված օրհնի Հայաստանը եւ մեր զինվորին,- իր խոսքում ասաց տեր Գարեգինը:

-Ես բոլորանցի Շմավոն Սարգսյանն եմ: Իմ լուսահոգի պապը՝ Սարգիսը, մասնակցել է  Շուրշկանա սուրբ Ավետարանի, մեռնեմ նրա զորությանը, մատուռի շինարարությանը, որտեղ պահվել է սուրբը: Իմ թոռները ծառայել են, իրենց պարտքը կատարել… Եկել եմ՝ սրբից խնդրեմ, որ հարեհաս լինի մեր զինվորին, պաշտպանի նրան թշնամու գնդակից, նրա գլխից հեռացնի փորձանքը… Ես հավատում եմ նրա զորությանն ու  համոզված եմ, որ նա իմ խնդրանքը կկատարի…

Ծաղկանուշ Իսայան- Իմ երկու երեխաները հենց հիմա ճակատում են… Արթուրս արդեն 15 ամիս ծառայել է, քիչ է մնացել… Եկել եմ՝ աղոթեմ ու սրբից խնդրեմ, որ պաշտպանի իմ զավակներին ու բոլոր զինվորներին… Աղոթել, խնդրել եմ բոլորի համար ու բոլոր մայրերի անունից…  Շուրշկանի սուրբ Ավետարանը շատ հրաշքներ է գործել. հավատում եմ նրա զորությանը…

Տիկին Մարգարիտ- Մենք՝ մայրերս, պետք է մեր զինվորների կողքին լինենք: Չպետք է լացենք, մենք պետք է ուժեղ լինենք  ու մեր զինվորներին զորակցենք: Չեմ սիրում ողբացող, ախ ու վախ անողներին… Մեր բոլոր ուժերը պիտի հավաքենք ու թշնամուն ետ շպրտենք… Ես բանակում զինվոր չունեմ, բայց եկել եմ աղոթելու ու մեր զինվորների համար ուժ, ամուր ոգի ու անկոտրում կամք, զորակցություն խնդրելու… Իմ նախնիքը հավատացել են Շուրշկանի սուրբ Ավետարանի ամենազորությանը, ես էլ եմ հավատում ու համոզված եմ, որ նրա սուրբ հովանավորությամբ մենք  կհաղթենք ու երկիրը կփրկենք չարիքից: Ով առաջինն է զենք վերցնում, զենքով էլ կգնա… Հավատանք մեր ուժին, մեր սրբերին…

www.hayzinvor.am

Be the first to comment on "«ԹՈՂ ՇՈՒՐՇԿԱՆԱ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՀԱՐԵՀԱՍ ԼԻՆԻ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ